National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.09.2007
Քառօրյա նիստերի վերջին օրը


ԱԺ պատգամավորները սեպտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցումով ընդունեցին պատգամավորներ Կարեն Կարապետյանի եւ Հրանուշ Հակոբյանի  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

Այնուհետեւ շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցի նախորդ օրը կիսատ մնացած քննարկումը: Գլխավոր դատախազին ուղղված հարցերը վերաբերում էին դատախազական համակարգի վիճակին, ծանր հանցագործությունների բացահայտմանը, փաստաբանների կալանմանն ու հետապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության դերին եւ այլն: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, որ «Դատախազության մասին» նոր օրինագծով նախատեսվող անկախ քննչական մարմինը, որը զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործերով, չդառնա քաղաքական հակառակորդների հետապնդման գործիք: Գլխավոր դատախազը նշեց, որ քննչական մարմինը չի զբաղվելու օպերատիվ-որոնողական աշխատանքներով,  համալրվելու է 10-15 քննիչներով, իսկ գլխավոր դատախազությունը հսկողություն է իրականացնելու քննչական մարմնի նկատմամբ: Նոր ձեւավորվող մարմինը քննելու է իրավապահ ոլորտի աշխատակիցների կոռուպցիոն բնույթի քրեական գործերը:

ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը կարեւորեց դատաիրավական բարեփոխումների հաջող ընթացքը: Վկայակոչելով խորհրդային կարգերի օրոք եւ 1990-ական թվականներին հասարակության ցածր իրավական գիտելիքները` նա նկատեց, որ վերջին տարիներին մեր երկրում լուրջ քայլեր են իրականացվել հասարակության իրավական գիտակցության բարձրացման եւ խորացման ասպարեզում: Արամ Սաֆարյանը նշեց, որ պաշտպանում է գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Ըստ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` դատախազությունը ցանկացած ահազանգի դեպքում պետք է արձագանքի եւ իրազեկի հասարակությանը: Նա հուսով է, որ ընտրությունից հետո   գլխավոր դատախազը սահմանադրական բարեփոխումներից հետո իրեն ընձեռված անկախությունը կօգտագործի ի նպաստ պետական շինարարության: ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը կարեւորեց սահմանադրական բարեփոխումների արդյունքում գլխավոր դատախազի նշանակումը եւ նրան անվստահություն ներկայացնելը խորհրդարանին վերապահելը: Նրա կարծիքով` դատախազական համակարգը մեր երկրում անկախանում է` այդ ոլորտում արձանագրելով դրական արդյունքներ: Նա հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել գլխավոր դատախազի  թեկնածուին: Արեւիկ Պետրոսյանը կարեւորեց հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրինականության ապահովման ոլորտներում դատախազական համակարգի դերակատարությունը: Նրա համոզմամբ` դատախազությունը, ի դեմս Աղվան Հովսեփյանի, կենսագործել է բնագավառի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները: Պատգամավոր Անահիտ Բախշյանը կարեւորեց հանցագործությունների դեմ կանխարգելիչ մեխանիզմների կիրառումը, իսկ Արտյուշ Շահբազյանի կարծիքով`   իրավապահ մարմիններն իրենց անաչառ աշխատանքով պետք է ապացուցեն հասարակությանը, որ օրենքը գերակա է հասարակության բոլոր շերտերի համար: Ոչ դրական գնահատելով դատախազության աշխատանքը եւ անդրադառնալով ոլորտի կադրային քաղաքականությանը` պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պրոֆեսիոնալներով  հագեցած չէ դատախազության աշխատակազմը: Պատգամավորներ Համլետ Հարությունյանը եւ Արմեն Դանիելյանը բարձր գնահատեցին գլխավոր դատախազի թեկնածու Աղվան Հովսեփյանի մարդկային եւ մասնագիտական որակները` կոչ անելով  կողմ քվեարկել նրա թեկնածությանը: Ստյոպա Սաֆարյանը խորհրդարանի կողմից գլխավոր դատախազի ընտրությունը որակեց պատասխանատու գործ եւ կարեւորեց համակարգի անկախությունը: Լարիսա Ալավերդյանը օրենսդրական եւ իրավական դաշտի կատարելագործման խնդիր է տեսնում: Նրա գնահատմամբ` գլխավոր դատախազի կարեւորագույն խնդիրներից է հակակոռուպցիոն ծրագրի իրագործումը:

«Ժառանգության» տեսակետը ներկայացրեց Վարդան Խաչատրյանը` տեղեկացնելով, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են խղճի մտոք: Նա պատրաստակամություն հայտնեց պատգամավորների վստահությանն արժանացած դատախազի հետ անցնել այն ճանապարհը, որը մեր հասարակության զարգացման ուղին է:

ՀՅԴ-ի տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նա եւս կարեւորեց գլխավոր դատախազ նշանակելու սահմանադրական բարեփոխումներով Ազգային ժողովին ընձեռված հնարավորությունը: Պարոն Կարապետյանը գտնում է, որ օրենսդրական դաշտի հստակեցման եւ կատարելագործման առումով անհրաժեշտ է խորհրդարանի եւ դատախազության համագործակցությունը: Նշվեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Աղվան Հովսեփյանի թեկնածությանը:

ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլն ուղղված է դատախազության դերի մեծացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:   Նշվեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի թեկնածությանը:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, որը ստորագրել էին հանձնաժողովի բոլոր անդամները, ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քվեարկությանը մասնակցել էին 125 պատգամավոր: Փակ -գաղտնի քվեարկության արդյունքներով` ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածու Աղվան Հովսեփյանը 118 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ:

Նորանշանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնելով խորհրդարանին` քվեարկության արդյունքները պարտավորեցնող որակեց, նշելով, որ այս ընտրությունը առավել անկախ է դարձնում իր աշխատանքը: Ըստ նրա` խորհրդարանն իրականացրեց պատմական առաքելություն` առաջին անգամ ընտրելով հանրապետության գլխավոր դատախազ: Նա հավաստիացրեց, որ պատգամավորների բոլոր հարցադրումները կլինեն իր ուշադրության կենտրոնում:

Ազգային ժողովը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am